2023 թվականի արդյունքներով համաշխարհային տնտեսության աճի հանրագումարային չափի կեսից ավելին բաժին կհասնի երկու երկրներին՝ Չինաստանին եւ Հնդկաստանին։ Ընդ որում, ընթացիկ տարվա վերջին գլոբալ տնտեսության համախառն ներքին արդյունքի աճը պետք է կազմի 3 տոկոսից պակաս։ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիեւայի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Չնայած զարգացած երկրների մեծ մասում զարմանալիորեն կայուն աշխատաշուկաներին եւ սպառողական ծախսերին, ինչպես նաեւ Չինաստանի տնտեսության աճի վերսկսման հետեւանքով առաջացած վերելքին, մենք ակնկալում ենք, որ 2023 թվականին համաշխարհային տնտեսության աճը կկազմի 3 տոկոսից պակաս: 2023 թվականին Հնդկաստանին եւ Չինաստանին բաժին կհասնի համաշխարհային տնտեսության աճի կեսը»,-ասել է նա։

Ընդ որում, անցյալ տարվա արդյունքներով համաշխարհային տնտեսության աճի տեմպերը զգալիորեն դանդաղել են՝ 6,1 տոկոսից հասնելով 3,4 տոկոսի։ Նվազումն առաջին հերթին կապված է Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի վերջին հակամարտության սրման հետ:

«2021 թվականին հաստատուն վերականգնումից հետո ցնցումների ծանր շրջան է սկսվել՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի եւ դրա լայնածավալ հետեւանքների հետ. համաշխարհային աճը 2022 թվականին նվազել է գրեթե կիսով չափ՝ 6,1 տոկոսից հասնելով 3,4 տոկոսի։ Աճի տեմպերի դանդաղումը շարունակվում է նաեւ այս տարի»,-եզրափակել է Գեորգիեւան։