Բարմենների բիկինիով դրես-կոդի վերաբերյալ դատավարությունն ավարտվել է Վաշինգոնի նահանգի Էվերետ քաղաքում. սրճարանի տիրոջն ու աշխատակիցներին, որոնք վեց տարի առաջ քաղաքի դեմ հայց են ներկայացրել, կվճարվի 500 000 դոլար, տեղեկացրել է The Associated Press-ը։

Էվերետի քաղաքային խորհուրդը այս շաբաթ միաձայն քվեարկել է, որպեսզի լիազորի քաղաքապետ Քեսի Ֆրանկլինին ստորագրել հաշտության համաձայնագիր Ջովանա Էջի եւ աշխատակիցների հետ, տեղեկացրել է Daily Herald-ը։

Ըստ համաձայնագրի՝ քաղաքը կպահպանի իր կանոնների մեծ մասը, որոնք վերաբերում են սրճարանների եւ արագ սպասարկման այլ հաստատությունների լիցենզավորմանը փորձնական ժամկետով, բայց այլեւս չի պահանջի, որ բարմենները շապիկ եւ կարճ տաբատներ կրեն։

Դրա փոխարեն քաղաքը դրես-կոդի կանոնները կհամապատասխանեցնի անպարկեշտ վարքի գոյություն ունեցող ստանդարտներին, որոնց համաձայն՝ մարմնի մեծ մասի հրապարակային մերկացումը համարվում է հանցագործություն։ Մյուս կանոնը պարտավորեցնում է բիզնեսի տերերին իրենց աշխատակիցների համար տեղադրել նյութեր այն մասին, թե ինչպես պետք է դիմել օգնության համար, եթե նրանք դառնան մարդկանց առեւտրի կամ այլ շահագործման զոհ։

Կարգավորումը կարող է վերջ դնել 2009թ. սկսված պատմությանը, երբ քաղաքը հայտարարել էր, որ բողոքներ է ստացել, որոնք հետաքննության առիթ են հանդիսացել, որը ցույց է տվել, որ որոշ սրճարանային կրպակներ սեքս-ծառայություններ են վաճառել եւ թույլ են տվել հաճախորդներին ֆիզիկապես հպվել բարմեններին։ Չորս մարդ ձերբակալվել է եւ ենթարկվել պատասխանատվության։

2013թ. սրճարանների երկու սեփականատերեր ձերբակալվել են մարմնավաճառությանը եւ անչափահասների շահագործմանն օժանդակելու համար, Սնոհոմիշ օկրուգի շերիֆի սերժանտը մեղադրվել է այն բանի համար, որ բարմենին տեղեկացրել է սպաների մասին՝ սեքսուալ ծառայությունների դիմաց։ Սերժանտը հրաժարական է տվել, իսկ սրճարանատերերը դատապարտվել են։

2017թ. քաղաքը դրես-կոդի մասին որոշում է ընդունել, որը պարտավորեցնում է արագ սպասարկման հաստատությունների աշխատակիցներին, սեփականատերերին եւ օպերատորներին՝ սրճարաններից մինչեւ արագ սննդի ռեստորաններ, կրել հագուստ, որից հրաժարվելու դեպքում տուգանքներ կգանձվեն։

Այս գործով դատարաններում տարբեր որոշումներ են կայացվել, բայց հոկտեմբերին  ԱՄՆ օկրուգային դատարանի դատավորը դրես-կոդի մասին որոշումը ոչ սահմանադրական է համարել։

Քաղաքը կարող է բողոքարկել, բայց պարտությունը կհանգեցնի շատ ավելի մեծ հաշվի, քան 500 000-ն է։ Քաղաքը մոտ 400 000 դոլար է ծախսել այս որոշման պաշտպանության համար։