Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր՝ ապրիլի 10-ին, շարունակվել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը։

Նիստին Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դատարանին ինքնաբացարկ հայտնեց այն հիմնավորմամբ, որ նախորդ նիստին ներկայացված՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու որոշման մեջ տեղ են գտել դատարանի այնպիսի գնահատականներ, որով, ըստ պաշտպանի, դատարանը դուրս է եկել մեղադրանքի սահմաններից՝ օրենքը մեկնաբանելով այնպես, որ ցանկացած դեպքում անբարենպաստ է լինում Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ, ինչն անթույլատրելի է.

«Դատարանը պարտավոր է քննել եւ լուծել իրեն ներկայացված քրեական վարույթը՝ բացառապես մեղադրական եզրակացության սահմաններում։ Դատարանը չի կարող արտահայտվել մեղադրանքի կողմից, իսկ տվյալ դեպքում արտահայտելով քրեական օրենսգրքի նորմի վերաբերյալ դիրքորոշումը դատարանը դուրս է գալիս մեղադրանքի սահմաններից»։

Դատարանը, սակայն, մերժեց ներկայացված միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույան դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ եւ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Վարդազարյանի վերաբերյալ հաղորդումը ենթադրյալ դեպքից շուրջ երկու տարի անց ներկայացրել է Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ:

Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաեւ՝ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու մեջ:

Վարդազարյանի վերաբերյալ գործում առկա է նաեւ ձայնագրություն. վերջինս, ըստ մեղադրանքի, «Signal» հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ եւ համոզելու, խնդրանքի եղանակով նրանից պահանջել փոխել Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։

Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: