Անգլիայում տասնյակ հազարավոր բժիշկ-ինտերններ երեքշաբթի լայնածավալ  քառօրյա գործադուլ են սկսել, հաղորդում է Sky News հեռուստաալիքը։ Դա սպառնում է լրջորեն խաթարել Առողջապահության ազգային ծառայության (National Health Service, NHS) գործունեությունը: Ընդհանուր առմամբ, Բրիտանական բժշկական ասոցիացիայի (British Medical Association, BMA) կազմակերպած գործադուլներին, Sky News հեռուստաալիքի գնահատականներով, պետք է մասնակցեն մինչեւ 47,6 հազար բժիշկ-ինտերններ, ինչը NHS-ի բուժաշխատողների հաստիքի ավելի քան 40 տոկոսն է:

Նրանց հիմնական պահանջը աշխատավարձը 35 տոկոսով բարձրացնելն է։ Արհմիության գնահատականներով՝ դա պետք է փոխհատուցի վերջին տասնհինգ տարիների ընթացքում իրական հաշվարկով աշխատավարձերի 26 տոկոսով նվազումը:

HNS-ի գնահատականներով՝ գործադուլը կարող է հանգեցնել նրան, որ Անգլիայում ավելի քան 350 հազար բժշկական ընդունելություններ եւ վիրահատություններ կարող են չեղարկվել: Իրավիճակը վատանում է Զատկի տոների պատճառով։ Սա կարող է հանգեցնել նրան, որ բուժաշխատողներից շատերը, ովքեր դուրս են եկել գործադուլավոր գործընկերներին փոխարինելու, այս անգամ չեն կարողանա օգնության հասնել: Նախորդ գործադուլն արդեն հանգեցրել էր մոտ 175 հազար ընդունելությունների եւ վիրահատությունների չեղարկմանը։

NHS կոնֆեդերացիայի կառավարիչ Մեթյու Թեյլորը բրիտանացիներին կոչ է արել առաջիկա օրերին խուսափել ռիսկային գործողություններից: «Փորձեք խուսափել ռիսկային վարքագծից, քանի որ NHS-ը չի կարողանա Ձեզ տրամադրել այն օգնության մակարդակը, որը մենք ցանկանում ենք»,-ասել է նա։