Մալայզիայում խանութի 54-ամյա սեփականատերը վիճակախաղով շահել է երազում տեսած թվերի համադրության շնորհիվ, հաղորդում է Malay Mail-ը:

Կինը վիճակախաղի տոմսում նշել է թվերի երկու համադրություն՝ 5785 եւ 3887: Առաջին համադրությունը նա բազմիցս տեսել է երազում, իսկ մյուսը մի քանի անգամ նկատել է մեքենաների հաշվառման համարանիշերի վրա, երբ գնացել է Բանտինգ քաղաք՝ հարազատների մոտ։

Երկու համադրություններն էլ շահել են վիճակախաղի խաղարկության ժամանակ եւ հարստություն բերել նրան։ Շահումը կազմել է 16,3 միլիոն մալայզիական ռինգիտ։

Հաղթողը պատմել է, որ ցնցված է եղել եւ չի կարողացել գիշերը քնել հուզմունքի պատճառով։ Նա նախատեսում է իր շահած գումարը ծախսել իր ընտանիքի համար տուն գնելու եւ արձակուրդ գնալու համար:

«Լինելով խանութի սեփականատեր՝ ես աշխատում եմ շաբաթը յոթ օր եւ երկար տարիներ արձակուրդ չեմ վերցրել։ Ես կցանկանայի ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ եւ այժմ վերջապես կարող եմ դա անել»,-ասել է նա։

Կինը հավելել է, որ կցանկանար նաեւ շահումի մի մասը ծախսել բարեգործության վրա: