Ավստրիայում` Գրացի մերձակայքում գտնվող լքված զորանոցը վերածվել է երկրում առաջին էկոգյուղի՝ Cambium Leben Society։
Դրա տարածքում կա 3 հազար քառակուսի մետր բնակելի տարածք և 20 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք։ Գյուղում արդեն ապրում է աշխարհի տարբեր ծայրերից 60 մարդ՝ 40 մեծահասակ և 20 երեխա, գրում է Euronews-ը։
Գյուղի հիմնական էկո լուծումներից մեկը ջերմոցների ջեռուցումն է փայտի կոմպոստով։ Այն քայքայվում է հատուկ սարքի մեջ և տաքացնում ջուրը, որն անցնում է խողովակներով։
Նաև Cambium Society-ում պատերը կառուցված են ծղոտից, կավից, ավազից և ածուխից: Նրանք պահպանում են ջերմությունը և պահում ածխաթթու գազը, որպեսզի այն չներթափանցի մթնոլորտ։
Գյուղի զուգարանների և լվացքի ջուրը զտում են բույսերով և մանրէներով։ Այնուհետև, ջրահեռացումները մաքրվում են և դրանցով ջրում են այգին: Գյուղի բնակիչները տարեկան մոտ երեք տոննա բանջարեղեն և այլ ապրանքներ են աճեցնում։




























