Արեւելյան Եվրոպայի երկրների մի շարք ատոմակայանների ղեկավարները ռուսական ուրանի մատակարարումներից հրաժարվելու միջոցներ են փնտրում՝ ՌԴ-ից էներգետիկ կախումը թուլացնելու ռազմավարության շրջանակում։ Որպես այլընտրանքային աղբյուր դիտարկվում է Ղազախստանը, որին բաժին է ընկնում աշխարհում ուրանի արտադրության ընդհանուր ծավալի ավելի քան 40 տոկոսը, տեղեկացրել է Bloomberg-ը։

«Որոշ ատոմակայաններ Արեւելյան Եվրոպայում, որոնք մինչ այդ հարստացված ուրան էին ստանում Ռուսաստանից, նոր մատակարարներ են փնտրում 2025-ից պայմանագրեր կնքելու համար։ Աշխարհաքաղաքական անորոշությունը փոխում է միջուկային վառելիքի հանդեպ մոտեցումը՝ էլեկտրաէներգիայի որոշ արտադրողների մղելով մեծացնել պաշարները։ Մենք պատրաստում ենք արդյունահանման մեր պաշարները, ուստի կարող ենք արձագանքել շուկայի պահանջմունքներին»,- ասել է Ղազախստանի ուրանի պետական ընկերության՝ «Կազատոմպրոմի» գործադիր տնօրեն Երժան Մուկանովը։

Համաշխարհային միջուկային ասոցիացիայի վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ 2030թ. աշխարհում ուրանի մատակարարումների պահանջարկը կավելանա մոտ մեկ երրորդով։ Այս ֆոնին Ղազախստանը նախատեսում է պահպանել վառելիքի այդ տեսակի արդյունահանման ծավալները մոտ 22 հազար տոննայի մակարդակում։ Դա անհրաժեշտ է, որպեսզի ուրանի գինը չբարձրանա, նշել է նա։

«Մենք կանխատեսում ենք ուրանի պահանջարկի ավելացում, բայց շահագրգռված չենք գների կտրուկ աճով»,- նշել է Մուկանովը։