Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի «խրախուսել» Ուկրաինայում պատերազմը, հաղորդում է CNN-ը։

«Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի պատերազմի խրախուսումը ու սկսի խոսել խաղաղության մասին։ Եվրոպական Միությունը պետք է սկսի խոսել խաղաղության մասին, որպեսզի մենք կարողանանք համոզել Պուտինին ու Զելենսկուն, որ խաղաղությունը բոլորի շահերից է բխում, իսկ պատերազմը հետաքրքիր է առայժմ միայն  երկուսին»,- Պեկինում լրագրողներին է ասել Լուլան։

Բրազիլիայի նախագահը նաև տեղեկացրել է, որ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինի հետ իր բանակցություններում իրենք քննարկել են Ուկրաինայի հարցով համախոհ առաջնորդների խումբ ստեղծելու գաղափարը։

Ուրբաթ Լուլան ժամանել էր Պեկին Սի Ծինփինի հետ բանակցությունների համար՝ ձգտելով թուլացնել Չինաստանի և Բրազիլիայի միջև եղած լարվածությունը, որն առաջացել էր նախկին ղեկավար Ժաիր Բոլսոնարուի օրոք։

Դա Սիլվայի այցը Չինաստան հիմնականում վերաբերվում էր առևտրին, այն բանին, թե ինչպես չինական ներդրումները կարող են օգնել բրազիլական տնտեսությանը, նշում է ամերիկյան հեռուստաալիքը։։