ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ընտրարշավի համար 15,4 մլն դոլար է ստացել այն բանից երկու շաբաթ հետո, երբ Նյու Յորքում ատենակալների մեծ ժյուրին նրան մեղադրանքներ է ներկայացրել ֆինանսական փաստաթղթերի կեղծման մասին։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով Թրամփի նախընտրական շտաբին։

Թրամփի շտաբի ներկայացուցիչների կարծիքով՝ նվիրատվությունների նման աճը ցույց է տալիս, թե որքան շատ են կողմնակիցները համախմբվել նախկին նախագահի շուրջ՝ նրան մեղադրանքներ ներկայացնելուց հետո։ Ինչպես նշել է հեռուստաալիքը, իրավաբանական խնդիրները Թրամփին օգուտ են բերել  ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական առումներով։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ  Թրամփը հավաքել է ավելի քան 4 մլն դոլար՝ այն բանից 24 ժամ հետո, երբ Մանհեթենի դատախազ Ալվին Բրեգը սկսել էր աննախադեպ քաղաքական հետապնդումը նախկին նախագահի դեմ։ Իլոն Մասկը նշել է, որ Թրամփին դատարան կանչելը նպաստում է նրա վերընտրմանը 2024թ. նախագահական ընտրություններում։

Մարտի 30-ին ատենակալների մեծ ժյուրին Նյու Յորքում քվեարկել էր հօգուտ Թրամփին մեղադրանքներ ներկայացնելու Trump Organization ընկերության ֆինանսական փաստաթղթերի կեղծման գործով՝ պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին փող վճարելիս։ Ինչպես երեւում է ավելի ուշ հրապարակված մեղադրական եզրակացությունից, Թրամփին վերագրվում է գործնական փաստաթղթերի կեղծման 34 դեպք՝ այլ իրավախախտում կատարելու նպատակով։ Ինչպեղ նշել են ԶԼՄ-ները, մեղադրանքի յուրաքանչյուր կետը նախատեսում է առավելագույնը չորս տարվա բանտարկություն։