Սլովակիան ժամանակավորապես կդադարեցնի հացահատիկի եւ այլ ապրանքների ներմուծումն Ուկրաինայից, Facebook-ի իր էջում հայտնել է վարչապետ Էդուարդ Հեգերը։ Նախկինում նման որոշումներ էին կայացրել Լեհաստանն ու Հունգարիան։

«Սլովակիան ժամանակավորապես կդադարեցնի հացահատիկի եւ այլ առանձին ապրանքների ներմուծումն Ուկրաինայից։ Այսօր այս հարցով աշխատանքային խմբի նիստ կկայանա»,- ասել է նա։

Սլովակիան դարձել է ԵՄ երրորդ երկիրը, որը որոշել է սահմանափակել ուկրաինական գյուղմթերքի ներմուծումը։ Լեհաստանը մինչեւ 2023 թվականի հունիսն արգելել է Ուկրաինայից հացահատիկի, շաքարավազի, մրգերի, բանջարեղենի, գինու, մսի եւ կաթնամթերքի մատակարարումը։ Նմանատիպ սահմանափակումներ է մտցրել ուկրաինական արտահանման համար նաեւ Հունգարիան։ Բուլղարիայի իշխանությունները քննարկում են նմանատիպ միջոցները։

Եվրահանձնաժողովը քննադատել է Վարշավայի եւ Բուդապեշտի որոշումը։ Կիեւը ափսոսանք է հայտնել Լեհաստանի եւ Հունգարիայի կողմից սահմանված սահմանափակումների կապակցությամբ։