Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրում սկսվել է զորահավաքային ստուգում, այն վերաբերելու է 230 հազար մարդու։ Այս մասին տեղեկացրել է Լեհաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ստուգումը վերաբերելու է 2004թ., ինչպես նաեւ 1999-2003թթ. ծնվածներին, որոնց մինչ այժմ չի հատկացվել զինծառայության պիտանիության կարգ։ Բացի նրանցից, անցած տարի եւ երկու տարի առաջ բուժհանձնաժողովի որոշմամբ ժամանակավորապես զինծառայության համար ոչ պիտանի համարված տղամարդիկ պետք է կրկնակի բուժզննում անցնեն։
2009 թվականից Լեհաստանում պարտադիր զինծառայություն չկա. այն փոխարինվում է զինվորական «որակավորմամբ», որը երբեմն անցկացվում է զորակոչային հնարավորությունները ճշտելու համար։





























