Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է «Դնեպր» զորախմբի շտաբ Խերսոնի ուղղությամբ, տեղեկացրել են Կրեմլում։ Սա Պուտինի առաջին ուղեւորությունն է Խերսոնի մարզ։
«Նախագահը լսել է Օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Միխայիլ Տեպլինսկու, «Դնեպր» զորախմբի հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Մակարեւիչի եւ այլ զորահրամանատարների զեկույցները»,- նշվել է Կրեմլի կայքում։
Պուտինը խնդրել է զեկուցել իրավիճակի մասին Խերսոնի եւ Զապորոժիեի ուղղություններում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Նախագահը նաեւ նշել է, որ օդադեսանտային ուժերի հրամանատար Միխայիլ Տեպլինսկին երկար ժամանակ է եղել առաջնագծում եւ հանգամանալից զեկույց է պատրաստել՝ խնդրելով նրան «հայտնել իր նկատառումները»։
«Չեմ ուզում շեղել ձեզ ձեր ուղիղ պարտականություններից՝ կապված զորքերի կառավարման հետ, ուստի այստեղ աշխատում ենք գործնական, կարճ, բայց կոնկրետ,- ասել է պետության ղեկավարը՝ «Դնեպր» խմբավորման շտաբում բացելով նիստը։- Ինձ համար կարեւոր է լսել ձեր կարծիքն այն մասին, թե ինչպիսին է իրադրությունը, լսել ձեզ, տեղեկատվություն փոխանակել»։
Այնուհետեւ Պուտինն այցել է «Վոստոկ» ազգային գվարդիայի շտաբ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում, դա նաեւ նրա առաջին այցն է ԼԺՀ։
«Վլադիմիր Պուտինն այցելել է «Վոստոկ» ազգային գվարդիայի շտաբ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում, որտեղ ընդունել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինի, այլ բարձրաստիճան սպաների զեկույցներն այդ ուղղության իրադրության մասին»,- տեղեկացրել է նախագահի մամուլի ծառայությունը։
Երկու այցերի ավարտին Պուտինը շնորհավորել է զինծառայողների Զատիկը եւ նրանց սրբապատկերների պատճեններ նվիրել։
Հիշեցնենք, որ Պուտինը մարտի 19-ին այցելել էր Մարիուպոլ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում։





























