Flyby Technology ընկերության Jackal անօդաչու թռչող սարքը, որն ունակ է արձակել թեթեւ  բազմաթիրախային կառավարվող հրթիռներ, հաջողությամբ փորձարկվել է Մեծ Բրիտանիայում։

Թագավորական ռազմաօդային ուժերի համար վեց շաբաթվա փորձարկման արդյունքում 130 կմ հեռահարությամբ, թեւերի 5 մ բացվածքով եւ 108 կմ/ժ կրեյսերային արագությամբ օկտոկոպտերը ցուցադրել է ցամաքում եւ օդում թիրախների ուղղությամբ մինչեւ 6 կմ հեռավորության վրա Martlet հրթիռներ արձակելու կարողությունը։ Martlet հրթիռներն արտադրվում են ֆրանսիական Thales ռազմարդյունաբերական խմբի կողմից Բելֆաստում գտնվող ձեռնարկությունում։

Flyby Technology-ի եւ Thales-ի համատեղ մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ անցկացված փորձարկումները անօդաչու օդային մարտը դարձնում են «մեկ քայլ ավելի մոտ իրականությանը»:

Փաստաթղթում ընդգծվում է, որ Jackal անօդաչու թռչող սարքը, որի թռիչքի բարձրությունը 4 հազար մետր է, կարող է օգտագործվել մարտի դաշտում՝ հետեւակի, տանկերի, այլ անօդաչու թռչող սարքերի եւ ուղղաթիռների դեմ։ Այն ստեղծելիս Flyby Technology-ը համագործակցել է թուրքական Fly BVLOS Technology եւ Maxwell Innovations ընկերությունների հետ։