Սուդանի զինված ուժերը համաձայնել են 24-ժամյա հրադադար հաստատել՝ սկսած տեղական ժամանակով ժամը 18:00-ից: Այս մասին հայտարարել է Սուվերեն խորհրդի անդամ Շամս ադ-Դին-ալ-Քաբբաշին:

Երեքշաբթի առավոտյան Սուդանի արագ արձագանքման ուժերը հայտարարել են 24 ժամով հրադադար հաստատելու մասին, երկրի զինված ուժերը պատասխանել են, որ իրենց հայտնի չէ այդ հարցով միջնորդների հետ որեւէ համաձայնության մասին: 

«Մենք համաձայնել ենք հրադադար հաստատել 24 ժամ ժամկետով»,-Al-Arabiya հեռուստաալիքին ասել է Ալ-Քաբբաշին՝ նշելով, որ այն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով 18:00-ին:

Նա ընդգծել է, որ Սուդանի զինված ուժերը կհետեւեն հրադադարին եւ նրան, թե ինչպես են դրան հավատարիմ մնում արագ արձագանքման ուժերը։

Սուդանում ապրիլի 15-ին մարտեր են սկսվել արագ արձագանքման ուժերի եւ  կանոնավոր բանակի միջեւ։ Արագ արձագանքման ուժերը հայտարարել են, որ վերահսկողություն են սահմանել Հարթումում Հանրապետության պալատի (նախագահական պալատ), մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի, ինչպես նաեւ Մերոեի օդային բազայի նկատմամբ։ Արագ արձագանքման ուժերը կանոնավոր բանակին մեղադրել են մայրաքաղաքում իրենց բազայի վրա հարձակվելու մեջ։ Բանակը հայտարարել է, որ այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ բոլոր ռազմավարական օբյեկտները, այդ թվում՝ նախագահական պալատը, վերահսկում են զինված ուժերը:  

ՄԱԿ-ի տվյալներով՝ ռազմական գործողությունների մեկնարկից չորս օրվա ընթացքում առնվազն 185 մարդ է զոհվել, 1800-ը՝ վիրավորվել: