Փաստաբան Վադիմ Կոբզեւը Twitter-ում հայտնել է, որ ուղղիչ գաղութի վարչակազմը, որտեղ պատիժը կրում է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, տեղեկացրել է, որ նրա դեմ նոր քրեական գործ կհարուցվի ուղղիչ գաղութի կազմալուծման վերաբերյալ:

Կոբզեւը գրել է, որ երբ Նավալնուն նախօրեին տարել են բանտախուց, նա հրաժարվել է այնտեղ մնալ՝ «հարեւանի» պատճառով, որը, նրա խոսքով, անձնական հիգիենայի հետ կապված խնդիրներ ունի։ Ընդդիմադիրը  տեղի ունեցածը սադրանք է անվանել եւ պահանջել է տեղափոխվել այլ խուց՝ միաժամանակ փորձելով դուրս գալ։ Փաստաբանը հավելել է, որ Նավալնուն ուժով մտցրել են բանտախուց, հարվածել, ապա հայտնել, որ նրա դեմ քրեական գործ կհարուցեն «հասարակությունից մեկուսացում ապահովող հաստատությունների գործունեության կազմալուծման» հոդվածով, որը նախատեսում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում: