Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարգադրել է սկսել հյուսիսկորեական հետախուզական արբանյակի արձակման նախապատրաստությունը, այն պետք է բարձրացնի տվյալների հավաքման Փհենյանի հնարավորությունները։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

«Կիմ Չեն Ընը ապրիլին ստեղծված №1 ռազմական հետախուզական արբանյակի արձակման նախապատրաստման հանձնաժողով է ստեղծել սահմանված ժամկետում, մարտական առաջադրանք տվել՝ մեծացնել Հյուսիսային Կորեայի հետախուզության եւ տեղեկությունների հավաքման պոտենցիալը»,- նշվել է հաղորդագրությունում։ Կիմ Չեն Ընն այս կարգադրություններն արել է Տիեզերքի յուրացման  պետական վարչություն այցելության ընթացքում։

Նա հիշեցրել է, որ «տիեզերական հետախուզության հնարավորություններ ունենալը հակառակորդի ռազմական պլաններին եւ տեղաշարժերին մշտապես հետեւելու համար նշվել է որպես կարեւորագույն խնդիր» երկրի պաշտպանունակության ամրապնդման նպատակով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան շարունակում են սպառնալ Հյուսիսային Կորեայի անվտանգությանը, քանի որ նրանք Կորեական թերակղզում եւ հարեւան տարածաշրջաններում տեղակայում են տարբեր ռազմական տեխնիկա, այդ թվում ատոմային ավիակիրներ եւ ռազմավարական միջուկային ռմբակոծիչներ։

Հյուսիսայինն Կորեան 2022թ. վերջին փորձարկումներ է իրականացրել Սոհե զորադաշտում։ Դրանց ընթացքում իրականացվել է կրիչ հրթիռի արձակում՝ մոտ 500 կիլոմետր բարձրությամբ, այն ունեցել է թեստային սարք։ Նշվել է, որ թեստային սարքն ունեցել է մի քանի տեսախցիկներ եւ տվյալների փոխանցման սարքավորում, ներառյալ տեսասարք։ Փորձարկումների ընթացքում, Հյուսիսային Կորեայի տվյալներով, կատարվել են Սեուլի եւ հարավկորեական հարեւան Ինչհոն քաղաքի լուսանկարահանումներ։