ԱՄՆ-ն եւ նրա ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները պետք է զգոն լինեն այն հարցում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է կիրառել տակտիկական միջուկային զենք Ուկրաինայում պատերազմի «կառավարելի» թեժացման ընթացքում։ Այս մասին երեքշաբթի ասել է պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը, տեղեկացրել է Reuters-ը։
Շերմանը նախազգուշացումն արել է ՆԱՏՕ-ի սպառազինությունների վերահսկման ամենամյա կոնֆերանսի բացման ժամանակ, որն առաջին անգամ այս տարի տեղի է ունենում Հյուսիսային Ամերիկայում։ Առաջին նման կոնֆերանսը տեղի է ունեցել 2004թ.։
«Մենք բոլորս հետեւել եւ անհանգստացել ենք այն բանի հետ կապված, որ Վլադիմիր Պուտինը կկիրառի այն, ինչը համարում է ոչ ստրատեգիական տակտիկական միջուկային զենք կամ կօգտագործի ինչ-որ ցուցադրական էֆեկտ թեժացման համար, բայց ռիսկի կառավարելի թեժացման շրջանակում,- ասել է Շերմանը։- Շատ կարեւոր է հետեւել դրան»։
Պուտինի հայտարարությունը, որը մարտի 25-ին ասել է այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է տակտիկական միջուկային զենք տեղակայել հարեւան Բելառուսում, «այդ սպառնալիքը կառավարելի ձեւով օգտագործելու փորձ» է, ասել է Շերմանը։
Տակտիկական միջուկային զենքը նախատեսված է մարտադաշտում հաջողության հասնելու կամ կոնկրետ ռազմական նպատակների դեմ կիրառելու համար։
Պուտինը ժխտում է, որ մտադիր է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում, որտեղ արդեն մի քանի ամիս իրավիճակը ոչ մի կերպ չի փոփոխվում. երկու կողմերի միջեւ դաժան մարտեր են ընթանում։
Բելառուսը, որը սահմանակից է Ուկրաինային եւ ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանին, Լիտվային եւ Լատվիային, դարձել է պլացդարմ ռուս զինվորականների մի մասի համար, որոնք ներխուժել են Ուկրաինա 2022թ. փետրվարին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը, որը միացել է Շերմանին կոնֆերանսի բացման ժամանակ, Պուտինի՝ Բելառուսում տակտիկական միջուկային զենք տեղակայելու պլանն անվանել է «վտանգավոր, անպատասխանատու միջուկային հռետորաբանության» բազմամյա պլանի մի մասը, որը սաստկացել է Ուկրաինայում ռազմական բռնության ուժեղացման հետ միաժամանակ։
Դաշինքը, նրա խոսքով, «շատ ուշադիր հետեւում է, թե ինչ են նրանք [Ռուսաստանն] անում»։
Շերմանն ասել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի հետախուզական տվյալներ տրամադրել ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրներին, «որպեսզի բոլորն իմանան, թե... որտեղ ենք գտնվում մենք»։





























