ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը «Ռոսատոմին» նախազգուշացրել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում «ամերիկյան ծագման միջուկային տեխնիկական տվյալներ կան, որոնք ենթակա են ԱՄՆ կառավարության արտահանական վերահսկմանը»։  Այս մասին ասված է նախարարության չտարածման քաղաքականության վարչության տնօրեն Անդրեա Ֆերկիլեի մարտի 17-ի նամակում, տեղեկացրել է CNN-ը։

«ԱՄՆ օրենքն արգելում է չլիազորված անձանց, ներառյալ ռուսաստանցի քաղաքացիներին եւ ռուսական կազմակերպություններին, ինչպիսին են «Ռոսատոմը» եւ նրա դուստր ընկերությունը, հասանելիություն ունենալ, տիրապետել, վերահսկել, արտահանել, պահել, առգրավել, դիտարկել, վերարտահանել, ուղարկել, փոխանցել, պատճենել, մանիպուլացնել այդ տեխնոլոգիաները կամ տեխնիկական տվյալները»,- նշվել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին ուղարկված նամակում։

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունում հաստատել են նամակի իսկությունը։ Գերատեսչությունում չեն նշել, թե արդյոք ստացվել է ռուսական ընկերության պատասխանը։

2022թ. հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրաման, որ ԶԱԷԿ-ն անցնում է ռուսական իրավադատության տակ, կայանն սկսել է կառավարել «Զապորոժիեի ԱԷԿ-ը շահագործող կազմակերպություն» ԲԸ-ն, հիմնադիր ընկերությունն է «Ռոսէներգոատոմը»՝ «Ռոսատոմի» դուստր ընկերությունը։ ԱԷՄԳ-ն քննարկել է կայանի շուրջ անվտանգության գոտու ստեղծումը, բայց, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, պայմանավորվածության հասնել չի հաջողվել Ուկրաինայի դիրքորոշման պատճառով։ Մարտին Ռաֆայել Գրոսին տեղեկացրել էր Զապորոժիեի ԱԷԿ-ի պաշտպանության նոր հայեցակարգի մշակման մասին։