Կորեայի Հանրապետությունը կարող է զենք մատակարարել Ուկրաինա այն դեպքում, եթե երկրի խաղաղ բնակչության համար լուրջ սպառնալիք ծագի։ Այս մասին ասել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը չորեքշաբթի Reuters գործակալության հրապարակած հարցազրույցում։
«Եթե ծագի այնպիսի իրավիճակ, որին միջազգային հանրությունը չկարողանա համակերպվել, օրինակ՝ խաղաղ բնակչության դեմ մասշտաբային հարձակումների կամ պատերազմի օրենքների լուրջ խախտումների դեպքում, ապա մեզ համար դժվար կլինի սահմանափակվել միայն մարդասիրական կամ ֆինանսական օգնությամբ»,- ասել է նա։ Ինչպես նել է Reuters-ը, Հարավային Կորեայի նախագահը խոսել է Ուկրաինային զենք տալու հնարավորության մասին։
Յուն Սոկ Յոլի խոսքով՝ իր երկիրն ուսումնասիրում է Ուկրաինային օգնության ցուցաբերման տարբեր միջոցներ՝ նրա պաշտպանության եւ վերականգնման ուղղությամբ։ Նախագահն ասել է, որ այդ դեպքում «սահմանափակումներ չեն լինի։ Նա ավելացրել է, որ Կորեայի Հանրապետությունը կձեռնարկի «առավել հարմար միջոցներ»՝ հաշվի առնելով իր հարաբերությունները հակամարտության կողմերի հետ եւ իրավիճակի զարգացումը մարտադաշտում։
Սեուլը Կիեւ է ուղարկում մարդասիրական օգնություն, ինչպես նաեւ ռազմական նշանակության առարկաներ՝ սաղավարտներ եւ զրահաբաճկոններ, բայց ոչ զենք։ 2022թ. նոյեմբերին The Wall Street Journal թերթը, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Կորեայի Հանրապետությունը ԱՄՆ-ին կվաճառի 100 հազար հրետանային արկ՝ դրանք հետագայում Ուկրաինային հանձնելու համար։ Ինչպես այն ժամանակ նշել էր Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը, մատակարարումների մասին բանակցություններում երկիրն առաջնորդվում է այն նախադրյալով, որ զինամթերքների վերջնական ստացողը ամերիկյան կողմն է։
Բացի այդ, մարտին հայտնի է դարձել, որ Կորեայի Հանրապետության Պաշտպանական գնումների ազգային վարչությունն անցած տարի հավանություն է տվել Վարշավայի կողմից Կիեւ հարավկորեական շասսիներով լեհական Krab հաուբիցների մատակարարմանը։





























