Ճապոնիան Ինքնապաշտպանության ուժերի զինվորներ կուղարկի Սուդան՝ իր քաղաքացիներին փրկելու համար։ Այս մասին ասել է երկրի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն շտապ հրավիրված մամուլի ասուլիսում, գրել է Kyodo-ն։
Մացունոն տեղեկացրել է, որ առայժմ տեղեկություններ չկան Սուդանում ապրող մոտ 60 ճապոնացիների վիրավորվելու մասին։ Նա նշել է, որ Ճապոնիայի քաղաքացիները, այդ թվում երկրի դեսպանության եւ Միջազգային համագործակցության ճապոնական գործակալության (JICA) աշխատակիցները, ծանր դրության մեջ են խմելու ջրի եւ սննդամթերքի անբավարարության պատճառով։
Ապրիլի 15-ին Սուդանում բախումներ են սկսվել բանակի եւ արագ արձագանքման ուժերի միջեւ։ Այնուհետեւ երկրի զինված ուժերը հայտարարել են հատուկ նշանակության ջոկատների դեմ մարտական գործողություններն ընդլայնելու մասին եւ երկրի բնակչությանը կոչ են արել զգույշ լինել։





























