Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՄ արեւելյան երկրների (ներառյալ Հունգարիան եւ Լեհաստանը) ֆերմերներին խոստացել է 100 մլն եվրոյի օգնության ծրագիր՝ Ուկրաինայից ցորենի ներկրման արգելքը չեղարկելու դիմաց, եւ նրանցից պահանջել է հետեւել եվրոպական միասնությանն առեւտրի հարցերում։ Այս մասին նշվել է չորեքշաբթի Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունում։
«Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ուկրաինական գյուղատնտեսական մթերքների ներկրման մասին նամակի պատասխանն է ուղարկել ԵՄ երկրներին,- նշվել է հայտարարությունում։- Առաջին հերթին ֆերմերների աջակցության շրջանակում. մենք արդեն ուղարկել ենք աջակցության փաթեթ առավել տուժած ֆերմերներին՝ 56,3 մլն եվրոյի չափով, եւ այժմ պատրաստում ենք աջակցության նոր փաթեթ՝ 100 մլն եվրոյի չափով»։
Նամակում նաեւ ընդգծվել է, որ ԵՄ միասնական շուկայի եւ միասնական մաքսային տարածքի սկզբունքների շրջանակում անհրաժեշտ է «ընդհանուր եվրոպական մոտեցում» միության երկրների գործողություններում։





























