Ռուսաստանը, շրջանցելով պատժամիջոցները, երրորդ երկրների միջոցով ներկրում է պաշտպանական արդյունաբերության մեջ օգտագործվող արեւմտյան էլեկտրոնային բաղադրիչներ, հայտնում է New York Times.-ը։
Հրատարակության համաձայն՝ անցյալ ամսվա վերջին ԱՄՆ-ի եւ Եվրամիության պաշտոնյաները տեղեկություններ են փոխանակել միլիոնավոր դոլարներ արժեցող արգելված տեխնոլոգիաների մասին, որոնք հայտնվում են Ռուսաստանում՝ շրջանցելով պատժամիջոցները։
Հարկային եւ առեւտրային մարմինների պաշտոնյաները նկատել են Հայաստանի, Ղազախստանի եւ այլ երկրների միջոցով դեպի Ռուսաստան միկրոսխեմաների եւ այլ էլեկտրոնային բաղադրիչների վաճառքի կտրուկ աճ։
Նրանց խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը կարողացել է ձեռք բերել միկրոսխեմաների եւ այլ էլեկտրոնային սարքերի հատկապես զգայուն կատեգորիաներ, որոնք, նրանց կարծիքով, շատ կարեւոր են զենքի, այդ թվում՝ ռուսական թեւավոր հրթիռների ստեղծման համար, որոնցով Ռուսաստանը հարձակվում է Ուկրաինայի վրա։
Ուկրաինա ներխուժելուց անմիջապես հետո ռուսական միկրոսխեմաների ներմուծումը կտրուկ անկումից հետո կրկին սկսել է աճել, հատկապես Չինաստանից։ Silverado Policy Accelerator վերլուծական կենտրոնի տվյալներով՝ հոկտեմբերից հունվար ժամանակահատվածում ամսական ներմուծումը կազմել է նախապատերազմյան ժամանակի միջին ցուցանիշի 50 տոկոսը եւ ավելին:
Հրատարակությունը նշում է, որ ամերիկյան եւ եվրոպական պաշտոնյաները գնալով ավելի են անհանգստանում, որ Ռուսաստանը ամերիկյան եւ եվրոպական ապրանքներ է ստանում Հայաստանի, Ղազախստանի եւ Կենտրոնական Ասիայի այլ երկրների միջոցով։





























