Բուլղարիան ժամանակավոր արգելք է սահմանել ուկրաինական սննդամթերքի ներմուծման համար՝ բացառությամբ տարանցիկ ապրանքների։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Գիլիբ Դոնեւը, հաղորդում է «Բուլղարիայի ռադիոն»։
Նա նշել է, որ այս քայլի պատճառն այն է, որ «վերջին մեկ տարվա ընթացքում սննդամթերքի զգալի քանակություն է մնացել երկրում եւ խաթարել պարենային շղթաները»:
«Եթե միտումը շարունակվի կամ ուժեղանա, հնարավոր է, որ բուլղարական բիզնեսի համար հետեւանքները չափազանց ծանր լինեն։ Մենք ստիպված ենք ձեռնարկել այս ազգային միջոցը, քանի որ եվրոպական իշխանությունները դեռ համարժեք միջոց են դիտարկում»,- ասել է Դոնեւը՝ ընդգծելով, որ Սոֆիան դեռ համերաշխ է Ուկրաինայի հետ, բայց «բուլղարական գյուղատնտեսական արտադրողների սնանկացումները դրան չեն նպաստում»։





























