Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել բանաձեւին, որով պահանջում է բանակցություններ սկսել Եվրամիությանը Մոլդովայի անդամակցության շուրջ մինչեւ 2023 թվականի ավարտը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Եվրախորհրդարանի ռումինացի պատգամավոր Զիգֆրիդ Մուրեշանը։
«Բանաձեւն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 555 կողմ, 49 դեմ եւ 26 ձեռնպահ ձայներով, ինչը վկայում է այն մասին, որ Մոլդովայի Հանրապետության եվրաինտեգրումը վայելում է Եվրախորհրդարանի պատգամավորների աջակցությունը Եվրոպայի բոլոր անկյուններից եւ բոլոր եվրոպամետ քաղաքական խմբերից»,-նշել է եվրապատգամավորը:
Ընդգծվում է, որ բանակցությունները կսկսվեն Քիշնեւի կողմից Եվրոպական հանձնաժողովի կողմից շարադրված ինը հանձնարարականների կատարումից հետո:
Մուրեշանը նշել է, որ «Եվրամիությանն անդամակցելն այն է, ինչ ցանկանում են Մոլդովայի Հանրապետության քաղաքացիները, եւ դա այն է, ինչի համար Քիշնեւի իշխանությունները շատ ջանասիրաբար աշխատել են անցյալ տարի»:
Նա հավելել է, որ բանաձեւում խնդրում են եվրոպական ինստիտուտներին ավելացնել Մոլդովայի ֆինանսական օգնությունը «եվրոպական ինտեգրման համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար»։





























