Գարնանը Եվրահանձնաժողովը ԵՄ Խորհրդին բանավոր հաշվետվություն կներկայացնի Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին Վրաստանի 12 առաջնահերթությունների կատարման մասին:
Այս մասին հայտնել է եվրահանձնակատար Օլիվեր Վարհեին Վրաստանի քաղաքացիական հասարակությանը ուղղված պատասխան նամակում, գրում է «Грузия Online»-ը։
Վրաստանի շուրջ 20 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Վարհեին ուղղված բաց նամակում խնդրել են, որպեսզի Վրաստանի 12 առաջնահերթությունների կատարման գնահատականը «հրապարակային եւ հասանելի դառնա շահագրգիռ կողմերի, մասնավորապես, երկրի քաղաքացիական հասարակության համար»։
Եվրահանձնակատարն ի պատասխան նշել է, որ քաղաքացիական հասարակությունը կարեւոր դեր է խաղում ժողովրդավարական պետության պաշտպանության գործում:
«Ինչպես ընդլայնման քաղաքականության մեջ ներգրավված բոլոր երկրների դեպքում, դեպի ԵՄ ճանապարհին առաջընթացի տեմպերը կախված են առանցքային բարեփոխումների իրականացումից։ 2023 թվականի գարնանը Եվրահանձնաժողովը խորհրդին բանավոր կներկայացնի Վրաստանի 12 առաջնահերթությունների կատարման մասին թարմացված տեղեկատվություն։
Այս թարմացման պայմանները դեռ քննարկվում են: Առաջնահերթությունների իրագործման մասին պաշտոնական զեկույցը աշնանը կդառնա ընդլայնման հարցերով Եվրահանձնաժողովի ամենամյա փաթեթի մի մասը»,-ասվում է քաղաքական գործչի նամակում։
2022 թվականի հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել թեկնածուի կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային, իսկ Վրաստանին՝ միայն եվրոպական հեռանկար։
Բացի այդ, բոլոր երեք երկրներին ներկայացրել են այն պայմանները, որոնք պետք է կատարվեն ԵՄ ճանապարհին։ Վրաստանի համար նախատեսվել է 12 հանձնարարական։





























