Polskie Radio 24 ռադիոկայանը՝ վկայակոչելով Բրյուսելի իր աղբյուրները, հայտնել է, որ Եվրահանձնաժողովը պատրաստ է արգելել ուկրաինական գյուղմթերքի մատակարարումը Եվրոպա:

Ռադիոկայանի հաղորդագրության համաձայն՝ Եվրահանձնաժողովը կարող է արգելք սահմանել ցորենի, եգիպտացորենի, արեւածաղկի եւ հլածուկի ներկրման վրա: Նշվում է, որ տվյալ հարցի քննարկումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 17:00-ին Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսի՝ Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: Բանակցություններին պետք է մասնակցի նաեւ գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատար Յանուշ Վոյցեխովսկին: 

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը երեք առաջարկ է պատրաստել Ուկրաինայից գյուղատնտեսական մթերքների ներմուծման հետ կապված իրավիճակը կարգավորելու համար: Սպինանտը նշել է, որ ԵՀ-ի ղեկավարն առաջարկել է ավելացնել Եվրամիության երկրներից տուժած ֆերմերներին տրամադրվող օգնությունը 100 մլն եվրոյով: