Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի ծիրանի բերքն ապրիլի 13-ին տեղացած կարկուտի հետեւանքով մեծ վնասներ է կրել։ Ավելի քիչ տուժել են Նորաշեն, Նարեկ եւ Դվին համայնքները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղցրաշենի վարչական Աշոտ Խալաթյանը։

«Այս տարվա համար մենք նախատեսել էինք ստանալ մոտ 2 հազար տոննայի չափ ծիրան, սակայն 80 տոկոսը վնասվել է։ Մեր գյուղում ծիրանագործությունը հիմնական աշխատանքներից մեկն է համարվում, եւ տուժել է մոտ 600 տնտեսություն։ Նրանցից շատերն էլ հենց միայն ծիրանագործությամբ են զբաղվում»,- նշեց Խալաթյանը։

Նրա խոսքով՝ համայնքում կան հակակարկտային կայաններ, սակայն դրանք կարկուտի պահին չեն գործել։

«Քանի որ կարկուտի սեզոնը մայիսից է սկսվում, պատրաստական աշխատանքներն ավարտին չէին հասել։ Ամեն դեպքում վերջին տարիներին նման դեպք չէր գրանցվել։ Մնացած պտուղների հետ խնդիր չի եղել, որովհետեւ այդ պահին ծիրանենիների պտուղներն ավելի մեծ էին, կարկուտը հեշտությամբ է վնասել»,- ասաց Խալաթյանը։

Խալաթյանի խոսքով՝ վնասների փոխհատուցման համար իրենք դիմել են մարզպետարանին․ «Գրեթե բոլորի բերքը եղել է ապահովագրված, այսինքն՝ միայն վնասի փոխհատուցում կստանանք,  բայց շահույթ չենք ունենա»։

processed-d405a231-6004-4a1d-beb7-8f1cd1175722_0wWJz5kD.jpeg (61 KB)

processed-dba0d0ca-2720-4b8e-85d7-d9ce388ce0f7_uQuPyvr7.jpeg (48 KB)