Կուբայի Ժողովրդական իշխանության Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարան) պատգամավորները չորեքշաբթի մինչեւ 2028թ. նախագահի պաշտոնում ընտրել են պետության գործող նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսին։ Խորհրդարանի նիստը հեռարձակվել է Կուբայի պետական հեռուստատեսության եթերում։
Դիաս-Կանելի թեկնածությունը պաշտպանել է 459 պատգամավոր նիստին ներկա գտնված 463-ից։ Կուբայի փոխնախագահի պաշտոնում վերընտրվել է գործող փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսան։
Խորհրդարանը նաեւ հավանություն է տվել նախագահի առաջարկին՝ վարչապետի պաշտոնում կառավարության գործող ղեկավար Մանուել Մարերոյին (վարչապետի պաշտոնում աշխատում է 2019-ից) նշանակելու մասին։ Բացի այդ, ձայների մեծամասնությամբ հաստատվել է կառավարության կազմը։





























