Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկն ունենալու է մեկ մետր երկարություն։ Այս մասին տեղեկացրել է խորհրդարանի պատգամավոր եւ Բարձրագույն ընտրական հանձնաժողովում կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցության ներկայացուցիչ Ռեջեփ Օզելը։
Նա ավելացրել է, որ քվեաթերթիկների, որոնց ձեւաչափը հավանության է արժանացրել ընտրական հանձնաժողովը, տպագրությունն արդեն սկսվել է արտասահմանում։
«Սկսվել է 28-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունն արտասահմանում։ Քվեաթերթիկի չափը 100 սանտիմետր է»,- գրել է Օզելը։
Քվեաթերթիկներում ներառվել են կուսակցությունների հինգ դաշինքներ, այդ թվում կառավարող կուսակցության դաշինքը՝ «Հանրապետականը», եւ վեց ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը՝ «Ժողովրդականը»։
Բարձրագույն ընտրական հանձնաժողովի վերջնական ցուցակում ներառված են 24 կուսակցություններ եւ 151 անկախ թեկնածուներ։
Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին։





























