Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի հասարակայնության հետ կապերի բաժինն ուրբաթ՝ ապրիլի 21-ի կեսօրին, «զանգվածային սպանության» սպառնալիքով էլեկտրոնային նամակ է ստացել, գրում է «Սանքեյը»՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներին։

Նամակում նշվել է, որ «մեծ թվով բարձր հզորության ռումբեր եւ զարին գազի գեներատորներ են տեղադրվել» խորհրդարանի ստորին եւ վերին պալատների տարբեր դահլիճներում, եւ որ ուրբաթ՝ տեղական ժամանակով 13.34-ին, զանգվածային սպանություն է տեղի ունենալու։ Նամակի հեղինակները, որոնք հայտարարել են ինչ-որ կրոնական խմբին իրենց պատկանելիության մասին, պնդում են, որ միայն ահաբեկչական գործողությունները կարող են փոխել երկիրը։

Կրոնական խմբի անունը չի նշվել։