Իրանի հայտարարությունը, թե «Ֆլորիդա» սուզանավը Հորմուզի նեղուցում հարկադրված ջրի մակերեւույթ է դուրս եկել, չի համապատասխանում իրականությանը, այդ շրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի տվյալներով, ամերիկյան սուզանավեր ընդհանրապես չկան:
«Իրանի հայտարարությունը բացարձակ սուտ է։ Վերջին շրջանում ոչ մի ամերիկյան սուզանավ չի անցել Հորմուզի նեղուցով։ Այս հայտարարությունը հերթական իրանական ապատեղեկատվությունն է, որը ապակայունացնում է տարածաշրջանը»,- ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է նաեւ, որ Հինգերորդ նավատորմը շարունակում է գործել այնտեղ, որտեղ թույլ է տալիս միջազգային իրավունքը։
Ավելի վաղ Tasnim գործակալությունը, վկայակոչելով Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահրամ Իրանին, հայտնել էր, որ «Ֆաթեհ» սուզանավը Հորմուզի նեղուցում ստիպել է ամերիկյան «Ֆլորիդա» ատոմային սուզանավին ջրի մակերեւույթ դուրս գալ։





























