Ուկրաինայի ապագան դաշինքին անդամակցելն է, բայց հիմա պետք է ռազմական աջակցություն ցուցաբերել։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Կիեւում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է УНИАН-ը։

Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Վիլնյուսի գագաթաժողովը կարեւոր է լինելու բազմաթիվ պատճառներով: «Ակնկալում եմ, որ անդամ երկրները կրկին կհաստատեն Ուկրաինային աջակցելու հանձնառությունը այնքան, որքան անհրաժեշտ կլինի»,-ասել է նա։

Մասնավորապես, նա ակնկալում է, որ դաշնակիցները կրկին կպարտավորվեն Ուկրաինային զգալի ռազմական աջակցություն ցուցաբերել, որպեսզի օգնեն նրան հաղթել պատերազմում եւ մնալ անկախ եւ ինքնիշխան պետություն:

«Ես նաեւ ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները Վիլնյուսի գագաթաժողովում, նախագահ Զելենսկու ներկայությամբ, կհամաձայնեցնեն Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի փաթեթի ամրապնդումն ավելի մեծ աջակցությամբ»,-նշել է Սթոլթենբերգը։

Դաշինքի գլխավոր քարտուղարը նաեւ ակնկալում է, որ Զելենսկին գագաթաժողովում կբարձրացնի Ուկրաինայի անդամակցության եւ անվտանգության երաշխիքների հարցը: Սթոլթենբերգը նշել է, որ այդ հարցերն առանցքային կլինեն գագաթաժողովի օրակարգում եւ Վիլնյուսում կայանալիք հանդիպման նախապատրաստման գործընթացում:

«Ուկրաինայի ապագան եվրատլանտյան ընտանիքում է։ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է։ Բոլոր դաշնակիցները համաձայն են դրան։ Միեւնույն ժամանակ, այժմ դաշինքի եւ դաշնակիցների գլխավոր ուշադրությունը սեւեռված է նրան, որ ապահովվի Ուկրաինայի հաղթանակը, եւ նա մնա ինքնիշխան, անկախ եւ ժողովրդավարական պետություն Եվրոպայում: Քանի որ դա Ուկրաինայի ապագա անդամակցության շուրջ բովանդակալից քննարկումներ անցկացնելու միակ միջոցն է»,-նշել է Սթոլթենբերգը։

Այդ կապակցությամբ նա ընդգծել է, որ Ուկրաինայի հրատապ պահանջն այժմ ռազմական աջակցությունն է, որի վրա դաշինքն աշխատում է ամեն օր։ «Մենք այսօր քննարկեցինք դա։ Դա «Ռամշտայնի» ձեւաչափով կքննարկենք վաղը կայանալիք կոնտակտային խմբի հանդիպմանը, որը նախագահելու է Միացյալ Նահանգները՝ Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստման շրջանակներում։ Ուկրաինայի ռազմական աջակցությունը կլինի գլխավոր թեման»,-ասել է նա։

Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում: Նրա խոսքով՝ աջակցությունը տրամադրվում է Ուկրաինային՝ ապագա անդամակցությունը հնարավոր դարձնելու նպատակով։