Հյուսիսային Կորեայի դիրքորոշումը՝ որպես միջուկային տերություն, վերջնական է եւ անշրջելի, նրան միջազգային ճանաչում հարկավոր չէ, միջուկային զենք ունենալը չի խախտում որեւէ պայմանագիր եւ արդեն ամրագրված է  երկրի օրենսդրությունում ու անհրաժեշտ է ոչ թե կարգավիճակի, այլ ԱՄՆ-ից պաշտպանվելու համար, ասել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Չհվե Սոն Հին։

Նա քննադատել է G7-ի ԱԳՆ ղեկավարների հայտարարությունը Հյուսիսային Կորեայի միջուկազերծման մասին՝ դրա բովանդակությունն անվանելով միջամտություն ներքին գործերին, ինքնիշխանության խախտում։ Նրա խոսքով՝ G7-ը, որը չի ներկայացնում միջազգային հանրությունը եւ «քաղաքական գործիք» է  ԱՄՆ-ի հեգեմոնիան պահպանելու համար, լիազորություններ եւ իրավունքներ չունի, որպեսզի Հյուսիսային Կորեային պարտադրի չօգտվել իր ինքնիշխան իրավունքներից։ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարը G7-ի երկրներին հիշեցրել է, որ իր երկիրը դուրս է եկել Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դեռեւս 20 տարի առաջ եւ, հետեւաբար, որեւէ պայմանագրային պարտավորություն չի կրում։

«Ընդգծում եմ, որ մենք որեւէ կերպ հետաքրքրված չենք G7-ի գործերով, բայց եթե նրանք փորձեն ինչ-որ կերպ ոտնձգել Հյուսիսային Կորեայի ինքնիշխանության եւ հիմնական շահերի դեմ, մենք թույլ չենք տա եւ անխնա պատասխան միջոցներ կկիրառենք»,- ասել է Չհվե Սոն Հին։

Նա ընդգծել է, որ երկրի պաշտպանունակության ամրապնդման միջոցները նրա ինքնիշխան իրավունքն են եւ պետք են պետությունն ու նրա տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ինչպես նաեւ Կորեական թերակղզու տարածաշրջանում կայուն վերահսկողության համար՝ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների «անմիտ ու սադրիչ» ռազմական գործողությունների ֆոնին։ Դիվանագետը խոստացել է, որ Հյուսիսային Կորեան կշարունակի նման միջոցներ ձեռնարկել, քանի դեռ ԱՄՆ-ի ու նրա «արբանյակների» սպառնալիքը լիովին չի վերացել։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ G7-ի ԱԳՆ ղեկավարները Տոկիոյում հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում դատապարտել էին Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակումները եւ նշել էին Հյուսիսային Կորեայի լիակատար, վերահսկվող եւ անշրջելի միջուկազերծման անհրաժեշտության մասին։