Վաշինգտոնը զգուշացրել է Կիեւին, որ ուկրաինական զորքերը չեն կարողանա պահել Արտյոմովսկ քաղաքը (ուկրաինական անվանումը՝ Բախմուտ) եւ կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին թողնել բնակավայրը։ Այս մասին տեղեկացրել է The Washington Post-ը՝ հղում կատարելով Պենտագոնի եւ ԱՄՆ հետախուզության գաղտնի փաստաթղթերին, որոնք հայտնվել են սոցցանցում։

Թերթը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները դեռ հունվարին Կիեւի իշխանություններին ասում էր, որ Ուկրաինայի Զինված ուժերը շուտով շրջապատվելու են ռուսական զորքերի կողմից։ Հրապարակման մեջ նշվել է, որ ռուսական բանակի «անշեղ» առաջխաղացումը 2022թ. նոյեմբերից «սպառնալիքի առջեւ է կանգնեցել» քաղաքը պահելու ուկրաինական զինուժի հնարավորությունը։

Պարբերականի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ում ենթադրել են, որ Ուկրաինայի ԶՈւ-ն շրջապատման մեջ կհայտնվի այն դեպքում, եթե զորքերը դուրս չբերվեն փետրվարի ընթացքում։ The Washington Post-ը նշել է, որ Ուկրաինայի իշխանություններն անտեսել են այս նախազգուշացումները։

Բացի այդ, հրապարակումներում նշվել է, որ Միացյալ Նահանգները խորհուրդ է տվել Ուկրաինային Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի դեմ ուղարկել «երկակի նշանակության բարելավված սովորական զինամթերքներ»՝ հրետանու եւ «երկիր-երկինք» դասի հրթիռների համադրությամբ։