Ֆրանսիայի իշխանությունները մերժել են Բելառուսի տարածքների ավիացիոն թվային քարտեզի տրամադրման վերաբերյալ Կիեւի խնդրանքը, հայտնում է Le Monde պարբերականը:

Փարիզում, ի պատասխան, նշել են, որ պատրաստ են աջակցել Կիեւին ուկրաինական տարածքի պաշտպանության հարցում, «բայց այլ երկրների մասին տեղեկատվության տրամադրումը դուրս է այդ շրջանակներից», ասվում է հոդվածում:

Քարտեզներում, որոնք պահանջել է Կիեւը, տեղեկություններ են պարունակում տարածքի ռելիեֆի, ինչպես նաեւ տարբեր խոչընդոտների տեղակայման մասին։ Դրանց վրա նշված են ռադարներ եւ զենիթային համակարգեր, ինչպես նաեւ ռազմական օբյեկտներ։

Հիշեցնենք, որ պաշտոնական Փարիզը բազմիցս հայտարարել է, որ ակնկալում է երկխոսություն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, որը «կարող է կայանալ արդեն այս ամռանը»: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանձնարարել է արտաքին քաղաքականության հարցերով իր խորհրդական Էմանուել Բոնին  Չինաստանի գլխավոր դիվանագետ Վան Իի հետ համատեղ մշակել շրջանակային ծրագիր Ռուսաստանի եւ Ուկրաինայի ապագա բանակցությունների համար: