Ցանկացած սադրանք կամ բռնություն վտանգում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ կարգավորման գործընթացը: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւը:

«Եվրախորհրդարանը հստակ դիրքորոշում արտահայտեց վերջերս ընդունված բանաձեւով, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի ագրեսիվ գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, եւ Լաչինին միջանցքը պետք է անհապաղ բացվի հաղորդակցությունների վերականգնման համար, որպեսզի մարդիկ կարողանան անխափան երթեւեկել երկու ուղղությամբ: ԵՄ-ն այս հարցում պատրաստ է նպաստել այդ գործընթացին՝ դիտորդական առաքելության միջոցով, որն օգնելու է՝ խուսափել հետագա արգեսիաներից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ»,- նշել է Կովաչեւը:

Հարցին՝ սահմանազատման գործընթացում ԵՄ-ն ի՞նչ աջակցություն կարող է ցուցաբերել, Անդրեյ Կովաչեւը պատասխանել է. «Ինչպես գիտեք, մեր հանձնակատարը վերջերս Հայաստանում էր, եվրոպական կառույցները փորձում են նպաստել թե՛ երկկողմ կապերի հաստատմանը, թե՛ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների դյուրացմանը: Սա, բնականաբար, պետք է իրականացնեն Հայաստանի եւ Ադրբեջանի աշխատանքային խմբերը: Որեւէ սադրիչ հայտարարություն չի կարող հանգեցնել դրական լուծման: Սահմանների հարցում կողմերը լուծման որոշակիություն մտցնելու կարիք ունեն, որպեսզի հետագայում խուսափեն նման սադրանքներից»: 

Անդրադառնալով ադրբեջանական կողմի վերջին սադրանքին, եւ այն փաստին, որ այդ անգամ ԵՄ դիտորդները ունեին ներկայություն, եւ հարցին՝ արդյո՞ք ինքը տեղյակ է առաքելության զեկույցներից, Անդրեյ Կովաչեւը պատասխանել է. «Սա բավական նոր քաղաքացիական առաքելություն է, որը դեռեւս Եվրախորհրդարանին չի տրամադրել որեւէ զեկույց: Այսինքն՝ ես ներկա պահին առաջնորդվում եմ այդ սադրանքի մասին ստացված լուրերով: Սպասում եմ, որ շուտով դիտորդների կողմից կունենանք առաջին զեկույցը: Ողջունում եմ նաեւ այն, որ դիտորդական առաքելության կազմը ընդլայնվում է, որպեսզի սահմանների հնարավորինս տարբեր hատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ ավելի շատ փաստագրված տեղեկություն կարողանանք ստանալ»: 

Անդրադառնալով նրան, որ Եվրախորհրդարանը Եվրոպական խորհրդին կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե դատարանի որոշումը անհապաղ չկատարի, եւ այն, որ բանաձեւից անցել է 1 ամիս, սակայն մինչեւ օրս Ադրբեջանը չի կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, հարցին՝ պատժամիջոցների հարցն ի՞նչ մակարդակով է քննարկվում, Կովաչեւն ասել է. «Եվրոպական խորհուրդն է պատասխանատու պատժամիջոցների քաղաքականության համար, սակայն առաջնայինը դիվանագիտական միջոցններն են: Ես կրկին կոչ եմ անում Ադրբեջանին՝ ապաարգելափակել Լաչինի միջանցքը ու երաշխավորել մարդկանց ազատ տեղաշարժը եւ ապրանքների ազատ տեղափոխումը երկու ուղղությամբ: Սա 2020 թվականին կնքված եռակողմ համաձայնագրի կարեւոր դրույթներից է: Մենք, ցավոք, տեսնում ենք, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները, եւ ՌԴ-ն որեւէ պարագայում վստահելի գործընկեր չէ»:

Անդրադառնալով Հայաստանում եղած այն ահազանգերին, որ Ադրբեջանը նախապատրաստվում է նոր ռազմական գործողությունների, հարցին՝ ԵՄ-ի արձագանքն ինչպիսի՞ն կլինի նման զարգացման դեպքում, Կովաչեւն ասել է. «Ես պաշտոնական Բաքվից լսում եմ հայտարարություններ, որ նրանք շարունակում են հանձնառու մնալ խաղաղության օրակարգին եւ սահմանազատման եւ սամանագծման գործընթացին: Սա է իրավիճակի հանգուցալուծման միակ խաղաղ ու քաղաքակիրթ ճանապարհը: Մենք Եվրախորհրդարանում կոչ ենք արել՝ խուսափել ատելության խոսքից: ԵՄ-ն մտադիր է նպաստել խաղաղության գործընթացի հեշտացմանը, քանի որ սա Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիները համար խաղաղ միջավայրում ապրելու, կրթություն ստանալու, կարիերայի, սոցիալական բարգավաճման համար անհրաժեշտ գործոն է, ամենակարեւորը՝ ազատ քաղաքացի լինելու եւ չվախենալու, որ ցանկացած պահի կարող են հարձակումներ լինել»:

Անդրադառնալով Բաքվում պահվող հայ ռազմագերիների ճակատագրին՝ Կովաչեւն ասել է. «Այս թեմային նվիրված ունենք հատուկ ընդունված բանաձեւ: Ընդունել ենք մեկ այլ բանաձեւ, որում կրկին կոչ ենք անում՝ անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին, նույնը վերաբերում է Հայաստանին, եթե ադրբեջանցի գերիների հետ կապված նման դեպքեր լինեն: Սա միանշանակ անընդունելի է մեզ համար, եւ բոլոր մակարդակներում կրկնում ենք Ադրբեջանի իշխանություններին ուղղված այս կոչը»:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ Կովաչեւն ասել է. «Մեզ համար կարեւոր է շարունակել այս սերտ գործընկերությունը: ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին: Օրինակ՝ բավականին ներդրումներ են կատարվել դատական ոլորոտում բարեփոխումների նախագծերում եւ պետք է շարունակենք էլ ավելի խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ»: