Թուրքիան հետ կստանա F-35 կործանիչների համար ԱՄՆ-ին վճարած գումարը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Hürriyet թերթին տված հարցազրույցում։
«Մենք գումար ենք վճարել F-35-ի համար, մենք ներդրում ենք ունեցել, մենք հետ կստանանք մեր փողերը։ Մեր դուրս գալն այս համակարգից շարժիչ ուժ էր մեր սեփական արտադրությունը արագացնելու համար, սակայն CAATSA-ն սխալ է»,- ասել է նա:
2021 թվականի ապրիլին Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ն Թուրքիային բացառել է F-35 ինքնաթիռների արտադրության ծրագրից՝ ռուսական С -400 ԶՀՀ համակարգեր գնելու համար։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկիրը մտահոգված չէ ԱՄՆ-ի՝ Անկարային F-35 կործանիչների վաճառքի մերժմամբ եւ պաշտպանական համակարգեր գնելու Վաշինգտոնի արձագանքով։
2023 թվականի հունվարին Էրդողանը հայտարարեց, որ Անկարան ԱՄՆ-ից չի ստացել ոչ կործանիչներ, ոչ էլ դրանց համար վճարված գումարը։ Նրա խոսքով՝ Թուրքիան ԱՄՆ-ին վճարել է մոտ 1 մլրդ 400 մլն դոլար։
Այնուհետեւ Էրդողանը հայտարարեց Վաշինգտոնի առաջարկի մասին՝ գնել այլ կործանիչներ, բայց ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի՝ F-16: Այս հարցը պահանջում է ԱՄՆ Կոնգրեսի համաձայնությունը։




























