ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կընդունի իր ֆիլիպինցի գործընկեր Ֆերդինանդ Մարկոս ​​կրտսերին՝ երկու երկրների հարաբերւթյուններում անվտանգության եւ տնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի շրջանակում, հայտնում է CNN-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ երկու առաջնորդների հանդիպումը պետք է կայանա մայիսի 1-ին։

Ինչպես նշվում է, բանակցությունների շրջանակում Բայդենը պատրաստվում է վերահաստատել Ֆիլիպիններին պաշտպանելու վերաբերյալ Վաշինգտոնի «երկաթյա պարտավորությունները»՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի հետ հարաբերություններում լարվածության աճի ֆոնին։ ԱՄՆ-ի համապատասխան պարտավորությունը ամրագրված է 1951 թվականի փոխադարձ պաշտպանության պայմանագրում, ըստ որի ամերիկյան կողմը հարձակման դեպքում խոստանում է օգնել Մանիլային։

«Մարկոսի այցով կավարտի երկկողմ հարաբերությունների համար լարված ամիսը, քանի որ երկու երկրների պաշտպանական կապերն ընդլայնվել են, ինչը անհանգստություն է առաջացնում Պեկինում: Վերջին երեք շաբաթվա ընթացքում ամերիկացի եւ ֆիլիպինցի հազարավոր զինվորականներ մասնակցել են համատեղ զորավարժություններին: Իսկ ԱՄՆ-ն վերջերս հյուրընկալեցլ է Ֆիլիպիններից երկու բարձրաստիճան դիվանագետների բանակցությունների համար, որոնց ընթացքում երկու կողմերը համաձայնել են ավարտին հասցնել անվտանգության ոլորտում աջակցության ցուցաբերման ճանապարհային քարտեզը»,-նշվում է հոդվածում: