Քուվեյթի թագաժառանգ Մաշաալ ալ-Ահմեդ աս-Սաբահը հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովը (միապալատ խորհրդարան) ցրելու մասին, որի կազմը վերականգնվել էր այս տարվա մարտին Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել էր KUNA տեղեկատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ հրամանագիրն ուժի մեջ կմտնի «Էլ-Քուվեյթ ալ-Յաում» կառավարական տեղեկատուտում հրապարակվելուց հետո։ Փաստաթղթի համաձայն՝ խորհրդարանը ցրելու որոշումը թելադրված է «ազգի շահերով», քանի որ «Քուվեյթի ժողովուրդը, իշխանության աղբյուրը լինելով, պետք է ընտրի իր ներկայացուցիչներին պետական գործերը կառավարելու եւ առաջադրված նպատակներին հասնելու համար»։

Ապրիլի 18-ին թագաժառանգը հայտարարել էր Ազգային ժողովը ցրելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին։ Նա հայտարարել էր, որ ընտրություններին կհաջորդեն քաղաքական եւ իրավական բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն կառավարության եւ խորհրդարանի տարաձայնությունների հաղթահարմանը եւ թույլ կտան խուսափել օրենսդիրների եւ գործադիր իշխանության կողմից կատարվող չարաշահումներից։ Հրամանագրում ընտրությունների անցկացման մասին  չի խոսվում։

Մարտի 19-ին Քուվեյթի Սահմանադրական դատարանն անվավեր էր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները, որոնք տեղի էին ունեցել 2022թ. սեպտեմբերի 29-ին, եւ վերականգնել էր խորհրդարանի այն կազմը, որի անդամներն ընտրվել էին 2020թ. դեկտեմբերի 5-ին։ Անցած տարի թագաժառանգը որոշում էր կայացրել ցրել խորհրդարանը՝ իբր նրա աշխատանքից հպատակների դժգոհությունների պատճառով։ Նրա խոսքով՝ Քուվեյթի քաղաքական ասպարեզում մշտապես նկատվել են «ազգի հաշվին անձնական շահերը բավարարելու» փորձեր, ինչը բացասաբար է անդրադարձել ինչպես երկրի զարգացման հեռանկարների, այնպես էլ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների միջեւ հարաբերությունների վրա։