Չեխիայի կառավարությունը հաստատել է ԱՄՆ-ի հետ  պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, հայտնում է Associated Press-ը։

Համաձայնագիրը իրավական հիմք է դնում Չեխիայում ամերիկյան զորքերի հնարավոր տեղակայման եւ Չեխիայի զինված ուժերի հետ նրանց համագործակցության համար։

Դա պետք է հեշտացնի նման քայլերը Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ժամանակաշրջանում։

«Սա, անկասկած, քայլ է մեր երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ», - ասել է վարչապետ Պյոտր Ֆիալան:

Չեխիայի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարների կողմից համաձայնագրի ստորագրման ամսաթիվը դեռեւս նշանակված չէ։ Ստորագրումից հետո այն պետք է հաստատվի երկու երկրների խորհրդարանների ու նախագահների կողմից։

Պաշտպանության նախարար Յանա Չերնոխովան ԱՄՆ-ին անվանել է «պաշտպանության ոլորտում ամենակարեւոր դաշնակից»:

ԱՄՆ-ն նման պայմանագրեր է կնքել ՆԱՏՕ-ի 24 այլ անդամների հետ, այդ թվում Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ռումինիայի եւ Բուլղարիայի, որոնք կազմում են դաշինքի արեւելյան թեւը:

ԱՄՆ զորքերի ցանկացած կոնկրետ տեղակայում ամեն դեպքում կպահանջվի Չեխիայի կառավարության եւ խորհրդարանի հավանությունը: