Ուգանդայի աշխատանքի, զբաղվածության եւ արտադրական հարաբերությունների նախարար Չառլզ Օքելո Էնգոլան աշխատանքի գնալիս սպանվել է իր թիկնապահի կողմից, գրել է տեղի Daily Monitor պարբերականը՝ հղում կատարելով ոստիկանության տվյալներին։

«Նա սպանվել է Կյանջայի իր նստավայրում, թիկնապահներից մեկի կողմից, որը, ենթադրաբար, դիմահար մի քանի կրակոցներ է արձակել»,- տեղեկացրել է պարբերականը՝ հղում կատարելով ոստիկանության ներկայացուցիչ Ֆրեդ Էնանգին՝ ավելացնելով, որ թիկնապահը փախուստի է դիմել հանցագործության վայրից, իսկ ավելի ուշ ինքնասպան է եղել։

Պարբերականը մեջբերել է Ուգանդայի տեղեկատվության եւ հաղորդակցային տեխնոլոգիաների նախարարի հայտարարությունն այն մասին, որ Էնգոլան գնում էր մասնակցելու կառավարության նիստին, երբ թիկնապահը սպանել է նրան։

Տեղեկացվել է, որ նախարարի անձնական քարտուղար Ռոնալդ Օթիմը եւս լուրջ վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։

Հանցագործության վայրում աշխատում են դատաբժշկական փորձագետները։ Թիկնապահի գործողությունների դրդապատճառները պարզվում են։