Ռուսաստանի դեմ սեփական պատժամիջոցների սահմանումը Վրաստանին մեծ վնաս կհասցներ: Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, հաղորդում է Sputnik Грузия-ն։
Վրաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ երկիրը հետեւում է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին, որոնք կապված են ֆինանսների եւ սահմանով ապրանքների տեղաշարժի հետ: Վրաստանի իշխանությունները Ռուսաստանի դեմ իրենց պատժամիջոցները չեն սահմանել՝ հայտարարելով, որ դրանից կտուժի միայն Վրաստանը։ Ընդ որում, երկիրը քաղաքական եւ հումանիտար աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային։
«Մենք բացարձակ բացահայտ հայտարարել ենք, որ չենք միանում պատժամիջոցներին, քանի որ չենք ուզում վնասել մեր երկրին, չենք ուզում վնասել մեր սեփական ժողովրդին, մեր երկրի բնակչությանը։ Ինչպե՞ս կարելի է միանալ պատժամիջոցներին, երբ մենք վստահ չենք, որ դրանով կվնասենք Ռուսաստանին։ Ընդհակառակը, կվնասենք ինքներս մեզ։ Դա կլիներ հարակիրի»,-ասել է Կալաձեն։
Նա նշել է, որ նույնը վերաբերում է Վրաստանում երկրորդ ճակատ բացելու հարցին։ Նրա խոսքով՝ Վրաստանն արդեն անցել է դրա միջով եւ բարձր գին է վճարել։
«Ուստի այսօր ամենակարեւորը խաղաղությունն է, կայունությունը, տնտեսական զարգացումը»,-հավելել է նա։
Վրաստանի իշխանությունները հակամարտության սկսվելուց անմիջապես հետո քննադատության թիրախ են դարձել վրացական ընդդիմության եւ պաշտոնական Կիեւի ներկայացուցիչների կողմից: Սկզբում պատճառը կամավորներին Ուկրաինա ուղարկելուց հրաժարվելն էր։ Իշխանությունները հայտարարել են, որ դա կնշանակեր երկրի ներգրավումը զինված հակամարտության մեջ:




























