Մայիսի 5-ին Ստամբուլում նախատեսված է «հացահատիկային գործարքի» ժամկետների երկարաձգման հարցով հանդիպում՝ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարների մակարդակով: Այս մասին Քայսերիում լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Նա նշել է , որ Անկարան շարունակում է ջանքեր գործադրել Ուկրաինայում պատերազմի հետ կապված պարենային ճգնաժամի ռիսկը վերացնելու ուղղությամբ: 

Հուլուսի Աքարը հիշեցրել է, որ վերջերս Մոսկվա կատարած այցի ընթացքում, որտեղ կայացել Է Սիրիայի հարցով քառակողմ հանդիպումը, նա առանձնազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ, իսկ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ բանակցությունները տեղի են ունեցել ապրիլի 18-ին Քայսերիում:

«Երկու հանդիպումների ընթացքում էլ քննարկվել է հացահատիկային միջանցքի թեման։ Կողմերը հավանություն են տվել մայիսի 5-ին Ստամբուլում այդ հարցով պաշտպանության փոխնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու թուրքական կողմի առաջարկին: Նախատեսվում է քննարկել նաեւ մի շարք այլ հարցեր: Հուսով ենք, որ համաձայնագիրը  կերկարաձգվի առանց որեւէ ձգձգման, քանի որ այդ գործարքը կարեւոր է ոչ միայն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար, այլեւ կարիքավոր երկրների պարենային կարիքները հոգալու տեսանկյունից»,-ասել է Աքարը։