Թայվանը ցանկանում է նոր սերնդի սեփական կործանիչներ ստեղծել, ասել է թայվանյան Aerospace Industrial Development Corp (AIDC) ընկերության ղեկավար Հու Կայ-Հունգը, տեղեկացրել է Reuters-ը։ Նրա խոսքով՝ մարտական ինքնաթիռների ստեղծման գործում Թայբեյը կցանկանար համագործակցել Վաշինգտոնի հետ՝ Չինաստանի կողմից ճնշման ուժեղացման համատեքստում։

«Երբ գործը հասնում է հաջորդ սերնդի կործանիչների ստեղծմանը, մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգները կաջակցի Թայվանին ինքնուրույն կործանիչներ ստեղծել, ներառյալ շարժիչը, ավիոնիկան, կառավարման համակարգը, շրջակա միջավայրի վերահսկման միջոցները եւ այլն, ինչը հնարավորություն է թայվանա-ամերիկյան համագործակցության համար»,- նշել է Հու Կայ-Հունգը։

Ինչպես նշել է AIDC-ի ղեկավարը, հայրենական արտադրության ինքնաթիռներն այն ուղին են, որով Թայվանը պետք է ընթանա ընթացիկ իրավիճակում։ Հու Կայ-Հունգը չի նշել, թե որ փուլում է գտնվում սեփական կործանիչների ստեղծման աշխատանքը, չնայած Թայբեյում այդ պլանների մասին խոսում էին դեռեւս 2017թ.։

Թայվանի կարգավիճակի հարցն ամենացավոտներից է Պեկինի համար։ Չնայած աշխարհի պետությունների մեծ մասը «մեկ Չինաստան» քաղաքականության կողմնակիցն է, 1949թ. պատերազմի ավարտից հետո Թայվանը կամ Չինական Հանրապետությունը դե-ֆակտո անկախ պետություն է։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի անքակտելի մասը՝ քննադատելով ցանկացած չարտոնված շփում Թայբեյի հետ։