Ճապոնիայի սահմանադրության փոփոխությունների հակառակորդները չորեքշաբթի Տոկիոյում հանրահավաք են անցկացրել, որին մասնակցել է ավելի քան 25 հազար մարդ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են բողոքի ակցիայի կազմակերպիչները։
Ցուցարարները ոստիկանության ուղեկցությամբ երթով շարժվել են քաղաքի կենտրոնով՝ վանկարկելով «Չենք ներելու սահմանադրության փոփոխությունը», «Ո՛չ պատերազմին», «Մենք դեմ ենք ռազմականացմանը» եւ այլն։ Ցույցը տեղի է ունեցել չորեքշաբթի Ճապոնիայում նշվող սահմանադրության օրվա կապակցությամբ։ Որեւէ միջադեպի, այդ թվում ՝ ոստիկանության հետ բախումների մասին չի հաղորդվել: Մասնակիցները նաեւ դեմ են արտահայտվել Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին։
Ճապոնիայի բնակիչների առնվազն 61 տոկոսը կողմ է երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն՝ չորեքշաբթի հրապարակված հասարակական կարծիքի հարցման տվյալների համաձայն, որն անցկացրել է երկրի խոշորագույն Yomiuri թերթը: Հիմնական օրենքի փոփոխությանը դեմ է արտահայտվել ճապոնացիների 33 տոկոսը։ Հարցվածների 40 տոկոսը նշել է, որ սահմանադրության վերանայմանն աջակցելու իրենց կարծիքի վրա ազդել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ընդ որում, հարցվածների 75 տոկոսը վստահություն է հայտնել, որ պատերազմից Ճապոնիայի՝ որպես ազգի ինքնիշխան իրավունքի հրաժարվելու մասին ձեւակերպումը չպետք է վերանայվի:
1947 թվականին գրվելուց ի վեր Ճապոնիայի սահմանադրության մեջ ոչ մի փոփոխություն չի կատարվել: Այս փաստը միաժամանակ եւ՛ փոփոխությունների հակառակորդների, եւ՛ կողմնակիցների հիմնական փաստարկն է։ Հակառակորդները պնդում են, որ անհրաժեշտ է պահպանել փաստաթղթի տեքստը։ Փոփոխությունների ջատագովները կարծում են, որ անցյալ դարի կեսերին գրված սահմանադրությունն օբյեկտիվորեն չի կարող լիարժեք լինել ժամանակակից սրընթաց փոփոխվող աշխարհում։





























