ԱՄՆ-ն, Եվրամիությունը եւ մի շարք այլ երկրներ նոր պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանի դեմ, որոնք յուրաքանչյուր երկիր կսահմանի ինքնուրույն, բայց մյուսների հետ համաձայնեցված, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Հիմնական նպատակը ոչ թե նոր սահմանափակումներ մտցնելն է, այլ վերացնել այն բացերը, որոնք թույլ են տալիս շրջանցել արդեն իսկ սահմանված պատժամիջոցները, նշել են Bloomberg-ի զրուցակիցները։ Ծրագրերի մասին կհայտարարվի մայիսին Ճապոնիայում կայանալիք «Մեծ յոթնյակի» առաջնորդների հանդիպման ժամանակ, հաղորդել Է գործակալությունը:
Գագաթաժողովում առաջնորդները կկարողանան քննարկել, թե Ռուսաստանի դեմ ինչ միջոցներ են աշխատել, եւ ինչ տարբերակներ են դեռ մնում, հավելել է նա։
Եվրամիության համար պատժամիջոցների նոր փաթեթը կլինի 11-րդը: Քննարկված միջոցառումների թվում են Ռուսաստանի տարածքով բազմաթիվ ապրանքների տարանցման արգելքը եւ նավերի վերաբերյալ սահմանափակումները, որոքն անջատում են նավիգացիոն համակարգերը, ապրիլին Bloomberg-ին հայտնել են աղբյուրները։ Բացի այդ, հնարավոր են անձնական պատժամիջոցներ մոտավորապես 30 մարդու նկատմամբ։
ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ այլ երկրների կողմից պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի ջանքերը ենթադրում են նաեւ ճնշման գործադրում այլ երկրների վրա, որոնք շարունակում են ակտիվ առեւտուրը Ռուսաստանի հետ, հիմնական ապրանքների վերահսկում եւ ընկերությունների պատժում, որոնք օգնում են Ռուսաստանին խուսափել սահմանափակումներից, գրում է Bloomberg-ը: Ակնկալվում է, որ G7-ի առաջնորդները կընդլայնեն պատժամիջոցները ռուս զինվորականների եւ արդյունաբերության կողմից օգտագործվող տեխնոլոգիաների և սարքավորումների նկատմամբ, հավելել է գործակալությունը։
ԱՄՆ-ն առաջարկել է ամբողջությամբ արգելել G7 երկրներից Ռուսաստան արտահանումը, սակայն ԵՄ-ի եւ Ճապոնիայի ներկայացուցիչներն ասել են, որ այս նախաձեռնությունն անիրագործելի է, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով գագաթաժողովի համար պատրաստված փաստաթղթերը եւ երեք իրազեկ աղբյուրներին:





























