Հունգարացի պատգամավորները հավանություն են տվել հանրապետությունում արտակարգ դրությունը եւս վեց ամսով երկարաձգելու որոշմանը, հայտնում է Hurado.hu-ն։ Պորտալի տվյալներով՝ համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 132 խորհրդարանական, դեմ է արտահայտվել միայն 58 պատգամավոր։
Ինչպես նշվում է, հիմնականում արտակարգ դրության պահպանմանը դեմ են արտահայտվել ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները։ Արտակարգ դրությունն ինքնին ենթադրում է, որ Հունգարիայի իշխանությունները հատուկ լիազորություններ են ստանում, որոնք հնարավորություն են տալիս որոշ հարցեր լուծել հրամանագրերի, ոչ թե օրենքների միջոցով։
Միեւնույն ժամանակ, երկրում արտակարգ դրությունը գործում է արդեն երրորդ տարին՝ կորոնավիրուսի համաճարակից սկսած։ Հունգարիայի կառավարությունը դրա երկարաձգումը պատճառաբանում է նրանով, որ ռազմական գործողությունները դեռ շարունակվում են հարեւան Ուկրաինայում, ուստի երկրի ղեկավարությանը անհրաժեշտ են լիազորություններ կարճ ժամանակում այս կամ այն գործողությունների ընդունման համար։




























