Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահ է, որ գործընկերներն Ուկրաինային մարտական ինքնաթիռներ կտրամադրեն հարձակման սկսվելուց հետո, համապատասխան հայտարարությունը նա արել է մայիսի 3-ին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է УНИАН-ը։

Մասնավորապես, Նինիստյոն, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Ֆինլանդիան պատրաստ է սեփական կործանիչները տրամադրել Ուկրաինային, նշել է, որ Ֆինլանդիան չունի F-16 ինքնաթիռներ, սակայն կան Hornet կործանիչներ, բայց դրանք «շատ հին են  եւ շատ չեն»։

«Ֆիննական դիրքորոշումն աշխարհագրորեն զգալիորեն տարբերվում է եվրոպական շատ երկրներից եւ ՆԱՏՕ-ի երկրներից։ Այժմ հնացած Hornet-ները մենք փոխարինում ենք F-35-ով։ Եվ դա շատ մեծ ծավալի գնումներ է մեզ նման երկրի համար»,-ասել է նա։

Միեւնույն ժամանակ, Ֆինլանդիայի նախագահը հավելել է, որ իր երկիրը չէր կարող Ուկրաինային տալ իր Hornet-ը մինչեւ նոր ինքնաթիռներ ստանալը, եւ այդ ժամանակ Hornet-ն արդեն պիտանի չէր լինի:

Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ Ուկրաինան ռազմական ինքնաթիռների կարիք ունի։

«Մեզ դրանք պետք են, շատ են պետք։ Մենք կունենանք դրանք, ես վստահ եմ։ Բայց սա պատերազմ է, եւ մենք դա պետք է անընդհատ ապացուցենք դա մարտի դաշտում։ Սկզբում մենք առաջ ենք գնում եւ ցույց տալիս, որ երեք օրում մեզ հնարավոր չէ գրավել, իսկ հետո միայն մեզ ինչ-որ զենք են տալիս»,-ասել է Զելենսկին։

Զելենսկու խոսքով՝ մարտի դաշտում հաջողություններից հետո Ուկրաինային հաջողվել է ստանալ հեռահար հրետանի եւ այլ սպառազինություն։

«Ուստի ես վստահ եմ, որ մենք ինքնաթիռներ կունենանք։ Քանի որ շուտով մենք կունենանք հարձակում: Եվ դրանից հետո, վստահ եմ, մեզ ինքնաթիռներ կտան։ Կուզենայի, որ հակառակը լիներ, չէ որ մեզ համար այդպես ավելի հեշտ կլիներ։ Բայց կա այն, ինչ կա, եւ մենք դրա համար շնորհակալ ենք»,-ասել է Զելենսկին։