Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկօրյա այցով կմեկնի Գերմանիա, հայտնում է գերմանական N-TV հեռուստաալիքը՝ հղում անելով Բեռլինի ոստիկանության տվյալներին եւ սեփական աղբյուրներին: Մայիսի 13-ին Ուկրաինայի նախագահը կժամանի Բեռլին, իսկ հաջորդ օրը կմեկնի Ախեն՝ Կառլոս Մեծի անվան մրցանակի հանձնման համար:

Ոստիկանությունում պնդում են, որ Ուկրաինայի նախագահի ինքնաթիռը վայրէջք կկատարի Բեռլինի օդանավակայանի գոտում, որը նախատեսված է ռազմական ինքնաթիռների համար: Զելենսկին կտեղավորվի The Ritz-Carlton հյուրանոցում։ Մայիսի 14-ին Ուկրաինայի նախագահին զինվորական պատիվներով կդիմավորի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Նույն օրը Զելենսկին ուղղաթիռով կմեկնի Ախեն։ Այնտեղ նա կմասնակցի Կառլոս Մեծի անվան մրցանակի հանձնմանը, որի դափնեկիրն այս տարի հենց Վլադիմիր Զելենսկին է եւ ուկրաինացի ժողովուրդը։

Կառլոս Մեծի մրցանակը 1950 թվականից շնորհվում է այն քաղաքական գործիչներին, որոնք ներդրում են ունեցել Եվրոպայի միասնության մեջ: Մրցանակակիրները պարգեւատրվում են հատուկ պատվոգրով, մեդալով եւ խորհրդանշական դրամական գումարով: Տարբեր տարիներին մրցանակ են ստացել Ուինսթոն Չերչիլը, Կոնրադ Ադենաուերը, Հենրի Քիսինջերը, Անգելա Մերկելը եւ այլք։ 2021 թվականին դափնեկիրներ են դարձել բելառուսցի ընդդիմադիր գործիչներ Մարիա Կոլեսնիկովան, Սվետլանա Տիխանովսկայան եւ Վերոնիկա Ցեպկալոն։