Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային անվտանգության եւ պաշտպանության ոլորտում պահանջմունքների բավարարման համար օգնության լրացուցիչ փաթեթի տրամադրման մասին։ Սա սպառազինությունների 37-րդ մատակարարումն է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշարներից 2021թ. օգոստոսից ի վեր, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Օգնության նոր փաթեթում ներառված են լրացուցիչ զինամթերքներ HIMARS համակարգերի համար, հաուբիցներ, հրետանային եւ նռնականետային ականներ, ինչպես նաեւ 300 մլն դոլարի այլ զինատեսակներ։
ԱՄՆ-ն առաջին անգամ ուղարկում է Hydra-70 հրթիռներ, որոնք արձակվում են ինքնաթիռներից եւ կարող են օգտագործվել Ուկրաինայի հարձակվող ցամաքային ուժերին օդային աջակցություն ապահովելու համար։ Բացի Hydra հրթիռներից, ԱՄՆ-ն տրամադրում է 155 միլիմետրանոց հաուբիցներ եւ դրանց ականները, ականանետային արկեր, հակատանկային միջոցներ, հրազեն եւ զինամթերքներ, ծանրաքարշեր եւ կցորդիչներ ծանր տեխնիկայի տեղափոխման համար, պահեստամասեր։
«Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել իր դաշնակիցների եւ գործընկերների հետ, որպեսզի Ուկրաինային տրամադրվի մարտադաշտում իր անմիջական պահանջները եւ անվտանգության ոլորտում երկարաժամկետ պահանջները բավարարելու հնարավորություն»,- նշվել է հաղորդագրությունում։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային այնքան, որքան պահանջվի։
Մենք կշարունակենք աջակցել մեր ուկրաինացի գործընկերներին, որոնք պաշտպանվում են Ռուսաստանի ագրեսիվ պատերազմից,- նշվել է Բլինքենի հայտարարությունում, որը հրապարակվել է չորեքշաբթի, պետդեպարտամենտի կողմից։- Այս վերջին փաթեթը կօգնի Ուկրաինային շարունակել արիաբար պաշտպանվել Ռուսաստանի դաժան, չարտոնված եւ չարդարացված պատերազմում։ Ռուսաստանը կարող է դադարեցնել իր պատերազմն արդեն այսօր։ Քանի դեռ Ռուսաստանը դա չի արել, Միացյալ Նահանգները, մեր դաշնակիցները եւ գործընկերները միասնական կլինեն Ուկրաինայի հետ այնքան ժամանակ, որքան կպահանջվի»։




























